RippleFlow նախագծի զարգացման հեռանկարների մեջ մտնում է նաև տարբեր դպրոցների, կրթական կազմակերպությունների հետ համագործակցումը, նոր կապերի ստեղծումը։ Եվ ահա այդ ակնկալիքով, մեր նախագծային խումբն ուղևորվեց Գեղարքունիք մարզի Ծաղկունք և Դդմաշեն համայնքներ՝ տեղի դպրոցներին ներկայացնելու կրթական-ինքնազարգացման նախագծի էությունն ու գործունեությունը։
Ե՛վ Ծաղկունքի, և՛ Դդմաշենի դպրոցներում լսարանը լի էր հետաքրքրասեր ու պոտենցիա ունեցող պայծառամիտ երիտասարդներով, որոնք մեծ հետաքրքրությամբ էին լսում մեր ներկայացրած նյութը և այն գաղափարը, որը կիսում է RippleFlow նախագծային խումբը։
Նախագծային խմբի անունից համայնքի դպրոցներ էին այցելել RippleFlow նախագծի հիմնադիր տնօրեն Արի Ագոփը և ՏՏ մենեջեր Մկրտիչ Պապիկյանը։ Լսարանի առջև ելույթ ունեցավ Արի Ագոփը՝ ներկայացնելով նախագծի էությունն ու նպատակները, խոսվեց ակումբային և արտադասընթացային գործունեություններից, լսարանին ներկայացվեց այն մեթոդիկան, որի շնորհիվ RippleFlow-ում գաղափարներն իրականություն են դառնում և անդրադարձ կատարվեց նախագծի զարգացման հեռանկարային կետերին։ Յուրաքանչյուր հանդիպման ավարտին ունեցանք հարց ու պատասխան, որի ընթացքում սովորողներն ու դասավանդողներն ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Նախագծի անդամներն ընդգրկվեցին համայնքային դպրոցների վիրտուալ դասարանային խմբերում՝ առավել հետաքրքրված սովորողներին տեղյակ պահելու նախագծի ընթացիկ գործունեության և արտադասընթացային միջոցառումների մասին։
Այս իրադարձությունն ինքնին համարում ենք նոր կապերի, համագործակցային ծրագրերի կառուցում, որի շրջանակում RippleFlow նախագիծը պատրաստակամ է իր ուսումնա-կրթական ծրագրերում ընդգրկել նաև համայնքի սովորողներին, նրանց հետ միասին աշխատելու մեկ նպատակի շուրջ և արդյունավետ թիմային աշխատանքի շնորհիվ հասնելու այդ նպատակին։
Այս ամենն իհարկե առաջին հերթին պայմանավորված էր կրթահամալիրի ղեկավարության և դասավանդողների աջակցությամբ, ուստի շնորհակալ ենք նման հնարավորություն ու առիթ ընձեռելու համար։ Ակնկալում ենք ապագայում ևս ծրագրել ու իրականացնել նմանատիպ համագործակցային-փոխանակման ծրագրեր այլ դպրոցների և կրթական հաստատությունների հետ։
Commentaires